Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:25 17-08-2022

Շենքի փլուզման վտանգ կա. ԱԻ նախարարի տեղակալը մանրամասներ է հայտնում «Սուրմալու» առևտրի կենտրոնից

Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում ամբողջ գիշեր առանց դադարի իրականացվել են որոնողափրկարարական աշխատանքներ: Այս մասին դեպքի վայրում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանը:

«Այժմ էլ աշխատանքներն ընթանում են: Ներկայում որոշակի հովացման գործընթացներ ենք կատարում: Ինչպես գիտեք, դեռ ունենք երկու անհետ կորած քաղաքացի, սակայն 16 մահացած անձանցից մեկը նույնականացված չէ: Եթե երկու անհետ կորածներից մեկը չնույնականացված քաղաքացին է, հետևաբար ունենք մեկ անհետ կորած:

Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ տվյալ անհետ կորած քաղաքացին պայթյունի պահին եղել է շենքի առաջին հարկի մուտքի մոտ, հետևաբար որոնողական աշխատանքներ ենք իրականացնելու եռահարկ շինության մոտակա տարածքներում: Դա լրացուցիչ բարդություններ է առաջացնում այն իմաստով, որ շենքի փլուզման վտանգ կա»,-ասաց Արտյուշ Գրիգորյանը:

Նա տեղեկացրեց, որ շենքի անմիջական հարևանությամբ կան փլատակներ, որոնողական աշխատանքներն իրականացվելու են այդ հատվածում:

Մասնագետներ են հրավիրել սեյսմիկ ծառայությունից, մասնավոր ընկերությունից, խորհրդատվություն է իրականացվում հասկանալու համար, թե ինչպես շարունակեն աշխատանքները, որ հավելյալ վնասներ չլինեն: