copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 10:37 01-08-2022

Խեղճի գլխին սարքում են. աններելի անտարբերություն

Կարծիք կար, թե ՀՀ վարչապետն և թիմակիցները պարտություններից հետո իրենց համեստ կդրսևորեն։ Բայց տեղի է ունենում հակառակը։ Ինչքան ավելանում են հետպատերազմյան ձախողումներն, այնքան ավելի մեծամիտ են դառնում իշխանավորները։ Ինչքան շատ սխալներ են անում, այնքան շատանում են մարդիկ, որոնք արդարացնում են դրանք, իսկ չինովնիկներին հասցեագրվում արժեքամերժ հիմք ունեցող հանդիմանանք։ Այսինքն՝ ուզում են, որ նրանք ավելի վատը լինեն։

Առողջ հասարակությունում մեծ գործ կատարած, մարդկությանը մեծ օգուտ տված, արդար փառք վաստակած մարդկանց բարձր ինքնագնահատականն օրինաչափ է։ Առողջ հասարակությունում մարդը հարգանքով է վերաբերում ազգային-հանրային արժեքներին, սկզբունքորեն պաշտպանում դրանք, պարսավանքի արժանացնում արժեքամերժ վարք դրսևորողին։ Իսկ մեր հասարակության մեջ մեծամտությամբ տառապում են իշխանավորից մինչև շարքային մասնագետը, դրանով քողարկում իրենց վախերը, բարդույթները և իրականությանը ոչ համարժեք վարքը։ Կարծիք կա, թե մեծամտությունն ու արժեքամերժ մոտեցումները մեր ժողովրդի և պետության պարտությունների և ձախողումների հիմնական պատճառներն են եղել և կան։

Օրինակ՝ 19-րդ դարում քաղաքակիրթ աշխարհը կործանում էր Օսմանյան կայսրությունը։ Հույները, արաբները, բալկանյան ժողովուրդները անկախության դրոշ էին բարձրացրել։ Հայերը ոչ միայն անկախության դրոշ չէին պարզում, այլև համարում էին, որ աշխարհի մեծերը՝ Ֆրանսիան, Անգլիան, Ռուսաստանը «սարքում են խեղճ ժողովուրդների գլխին», դրդում նրանց կռվել «հզոր ու բարեգութ» սուլթանի դեմ։ Արդյունքում՝ Հունաստանը, Բալկանները անկախություն ստացան, իսկ հայ ժողովուրդը ցեղասպանության ենթարկվեց ու տեղահանվեց։

Ներկայում քաղաքակիրթ աշխարհը սատարում է Ուկրաինային, որն անկախության համար ծանր պատերազմ է մղում հակաքաղաքակրթական ճամբարում հայտնված ՌԴ-ի դեմ։ Մեր հասարակության մեջ դարձյալ կան մարդիկ, որոնք համարում են, որ աշխարհի հզորները՝ «սարքում են խեղճ ուկրաինացիների գլխին», դրդում նրանց կռվել «հզոր» ՌԴ-ի դեմ։ Նույնիսկ՝ մարդասիրական աջակցություն չեն տրամադրում պատերազմից տուժած բնակչությանը։ Սա աններելի անտարբերություն է։ Դեռ պարզ չէ, թե ինչ նոր աշխարհակարգ կձևավորվի պատերազմից հետո և ինչ կստանա հայ ժողովուրդը։ Հաշվի առնելով մեր անցյալի կորուստների դասերը, անհրաժեշտ է հրաժարվել ստորակարգ կենդանուն բնորոշ գոյատևման բնազդներից, հրաժարվել հիվանդագին մեծամտությունից, քաղաքականությունն ու աշխարհը դիտարկել ազգային և համամարդկային արժեքների անցքից։ Այսպիսի վարքը գուցե ողջամիտ և առաքինի կգնահատվի, և հնարավոր նոր կորուստների ռիսկը կնվազի։