Երևան +18°
copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 09:37 29-07-2022

Արևմուտքը լուռ էր, երբ ավերում էին Արցախը, հիմա խոսում է, որ մասնատի Հայաստանը

44-օրյա պատերազմի ողջ ընթացքում լուռ էր Եվրոպան, լուռ էր Ամերիկան: Արևմուտք կոչվածը նայում էր, թե ինչպես է Ադրբեջանը Սիրիայից բերված վարձկան-ահաբեկիչներով, թուրքական բայրաքթաներով, ուղղակիորեն ՆԱՏՕ-ի անդամ թուրքական բանակի մասանակցությամբ բնաջնջում Արցախը: Նայում էր, թե ինչպես են քիմիական ու կասետային ռումբեր թափում լեռներում ծվարած այդ մի բուռ ժողովրդի գլխին: Ինչպես են արգելված զինատեսակներով ոչնչացնում ծննդատներ, մանկապարտեզներ ու դպրոցներ, խաղաղ բնակիչներ: Ինչպես են գլխատում գերեվարված զինվորների, քիթ ու ականջ կտրում ծեր ու անպաշտպան մարդկանց, ուղղակիորեն սպանում կին ու երեխա: Նրանց լռությունը խախտվում էր, երբ ցինիկաբար հայտարարում էին, որ ուշադիր ուսումնասիրում են, հաշվարկում, թե ինչ արդյունավետությամբ են գործում նորագույն զինատեսակները պատերազմի ժամանակ: Պարզապես հետաքրքիր էր:

Լուռ ու մունջ հետևում էին, թե ինչպես են դատարկվում Քաշաթաղն ու Քարվաճառը զինադադարից հետո: Ինչպես են հայերը տեղահանվում իրենց բնօրրանից, դառնում փախստական ու գաղթական: Հեռանալուց առաջ այրում տները, կորցնում ամեն ինչ: Տեսնում էին և իրենց լռությամբ աջակցում այդ դժոխքն ու մղձավանջը ստեղծողներին: Լուռ էին նաև պատերազմից հետո և երբեք չդատապարտեցին Ադրբեջանին, որ շարունակում է կրակել ու սպանել Արցախում, որ ներխուժել է Հայաստանի սահմաններից ներս և բռնազավթել սար ու լիճ, ճանապարհ ու համայնք, նաև սպառնում է տիրել ամբողջ Հայաստանին, թե իբր իր տարածքն է: Որևէ կերպ չհակադարձեցին Ալիևի ամենօրյա լկտիությանն ու ցինիզմին, խելագարի զառանցանքին:

Իսկ հիմա բուռն ու աննախադեպ, քրտնաջան խոսում ու գործում են, հանկարծ ձեռք ու լեզու բացվեցին, թե շուտափույթ պետք է լուծել հայ-ադրբեջանական խնդիրները, կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները: Իսկ խնդիրը Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելն է, հարաբերությունը Սյունիքով միջանցք տալն է: Լուռ էին, երբ ավերում էին Արցախը, հիմա խոսում են, որ մասնատեն Հայաստանը:

Ձեզ գուցե հետաքրքրի