Մայիսի 20-ին փլուզում էր եղել Ծիծեռնակաբերդի խճուղում։
Ըստ քաղաքապետարանի՝ փլուզման պատճառը հարակից տարածքում շինարարություն էր։
Շինարարության ընթացքում չէր ապահովվել ճանապարհի ամրակցումը։ Ըստ օդում կախված լուրերի՝ Գագիկ Ծառուկյանին պատկանող կազմակերպությունը բնակելի թաղամաս է կառուցում։
Կապալառուն՝ «Սահակյանշին» ընկերությունը, վստահեցնում էր, որ փլուզման վտանգի մասին տեղեկացրել էր քաղաքապետարանին։ 28 օր Ծիծեռնակաբերդի խճուղին փակ էր։ Երևանի երթևեկությունը հոգեվարքի մեջ էր։
Քաղաքապետարանն ասում էր, որ ճանապարհը վերանորոգվում է։
Հունիսի 13-ին եղավ պաշտոնական հաղորդագրություն․ «Փլուզված ամբողջ հատվածը վերականգնված է»։
Բայց իրականում փլուզված հատվածը չի վերականգնվել:
Փլվածքի չափով ճանապարհը նեղացվել է։ 4-գծանի ճանապարհը դարձել է 3-գծանի։
Պարզվում է, որ փլուզված հատվածի վերանորոգումն իրականացրել է ոչ թե քաղաքապետարանը, այլ «Սահակյանշին» ընկերությունը։
Անհայտ է, թե ինչու նեղացումը տևեց 28 օր։
Անհայտ է, թե փլվածքի հատվածը մնալու է կառուցվող շենքի՞ն, թե ճանապարհը, այնուամենայնիվ, վերականգնվելու է։
Փոխարենը ակնհայտ է, որ ոչ ոք չի պատժվել փլուզման համար։
Ակնհայտ է նաև, որ ոչ ոք չի պատժվելու նաև ստի համար։